Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հոգիները դրախտում և դժոխքում

Հոգիները դրախտում և դժոխքում
13.03.2009 | 00:00

ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՎԵՐՔԵՐՈՎ ԾԱԾԿՎԱԾ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ
Աղքատ Ղազարոսի առակով այնկողմնային իրավիճակների մասին արդեն որոշ պատկերացում ենք կազմում Սուրբ Ավետարանից: Մահից հետո աղքատ Ղազարոսը Աբրահամի գոգը տարվեց` մխիթարվելու, իսկ հարուստը, որ ամեն օր խնջույքների մեջ էր, մահից հետո տարվեց դժոխք: Այս հարուստի դռանն էր աղքատ Ղազարոսը` անտուն ու վերքերով ծածկված մի մուրացկան, շներն անգամ խղճմտանք անելով գալիս լիզում էին նրա վերքերը, սակայն հարուստը մինչև վերջ անողորմ մնաց, չօգնեց աղքատ Ղազարոսին: Եվ դժոխքի իր տանջարանից հարուստն աղերսում էր Հայր Աբրահամին. «Հինգ եղբայրներ ունեմ, Հայր Աբրահամ, որ դեռ չեն մեռել, Ղազարոսին ուղարկիր, թող պատմի իմ այս վիճակի մասին, որ նրանք ինձ նման չբերվեն այս անտանելի դժոխքը»:
Այս նկարագրությունն այնքան է ակնառու և հստակ, ամենքին հասկանալի, որ հավատ ունեցողի համար մի ամբողջ գրքի անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում: Սա այն դեպքում, երբ մարդն աստվածճանաչության հետևորդ է, եթե ոչ, աղքատ Ղազարոսի առակում հարուստի խնդրանքը մերժվում է հետևյալ պատճառաբանությամբ. «Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս և մարգարէներ, թող նրա՛նց լսեն»: Եվ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին և մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»:
Այսինքն` աստվածճանաչության քաղց ու փափագ պիտի ունենանք, որպեսզի թե՛ Մովսեսին, թե՛ մարգարեներին և առավել ևս Քրիստոսի Ավետարանը կարդանք: Միայն թե Աստծո խոսքը բարի մշակի միջոցով լինի:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԴԻԿ, ԱՀԱ, ԿԵՆԴԱՆԻ ԵՆ
Նաև ունենք Թաբոր լեռան վրա Մովսեսի և Եղիայի երևումը: Պատմական անձնավորությունները, որոնց աշակերտները գրքերից ու քարոզներից գիտեին, ահա, կենդանի կանգնած էին Հիսուսի և իրենց առաջ` շքեղ ու վեհ, լուսափայլ, արքայավայել տեսքով: Հոգիների աշխարհում յուրաքանչյուրն իր սիրո մեծությամբ և այս աշխարհում ընդունած Աստվածային գործի ու վարքի, Տերունական խղճմտանքի չափով է մեծ: Այնտեղ որևէ կեղծավորություն չի անցնում: Առավել մեծերը, ինչպես, օրինակ` Տիրամայրը, Հովհաննես առաքյալը, շատերին են երևում. խրատում են, օգնում, հանդիմանում են, առաջնորդում, միջնորդում, մխիթարում, ի բարին քաջալերում, մղում շարունակ աղոթքի: Տիրամոր մասին արդեն գրել էինք, որ երբ թաղումից երեք օր անց գերեզմանը բացեցին, որպեսզի թաղումից ուշացած Բարդուղիմեոսը հրաժեշտ տար, գերեզմանը դատարկ գտան: Եվ ապա հիշեցին, որ Տերը խոստացել էր սրբուհի Աստվածածնին հարություն տալ: Նախախնամական հզոր մի ներկայությամբ էր Տիրամոր թաղումը, բայց որպեսզի մենք պատճառ չբերենք, թե մեզ նսեմացնում էին մեր հավատի պատճառով, իսկ նրա՞նց, նրանց ևս. բայց հավատի, Աստծունը լինելու ինչպիսի սքանչելի վստահություն, որ դժվար թաղումն իսկ դարձրեց ըմբոստացած հրեա ամբոխին պատժի միջոցով դարձի ուղղություն: Մեջբերենք Տիրամոր թաղումից մի հատված, որ մեզ է հասել Մովսես Խորենացու Տիրամոր պատվական պատկերի մասին վկայությունից. «Երբ Ս. Կույսը հոգին ավանդեց, հրեաների ամբոխն սկսեց գրգռվել և առաքյալների վրա խուժելով, ուզեց Ս. Կույսի մարմինը հափշտակել: Եվ ահա, հարձակվողներն ամենքն էլ կուրացան և այդպես պատժվեցին:
Սոփոնիա անունով մի մարդ բռնեց դագաղը, որ առաքյալներն էին տանում և արգելում էր, որ տանեն: Եվ ահա Սոփոնիայի այն ձեռքը, որով դագաղն էր արգելում, արմունկից կախված մնաց, և այսպես այս մարդը ողորմելիորեն ավաղ էր տալիս իր գլխին, մինչև հասան գերեզման:
Պետրոսն ասաց.
-Ո՛վ մոլորյալ հրեաներ, մինչև ե՞րբ պիտի մնաք մոլորյալ և համառ: Ինչո՞ւ ձեր սրտերում չեք զղջում և անկոտրում ու հպարտ եք մնում, ինչպես ձեր հայրը՝ սատանան:
Եվ մինչ պատժված հրեաները լալիս էին, Պողոսը նրանց ասաց.
-Դեպի Տիրոջ կողմ դարձեք և խոստովանեցեք, թե Աստվածածինն է այն սուրբ Կույսը, որից Էմմանուելը պիտի ծնվեր, և Տերն այդժամ պիտի գթա ձեզ:
Պատժված ամբոխն աղաղակեց և ասաց.
-Խոստովանում ենք, որ Քրիստոսը Հայր Աստծո Որդին է, որ մարմին առավ անճառապես Սուրբ Կույսից, և մե՛նք Քրիստոսին խաչեցինք՝ Նրան Աստծո հակառակորդը կարծելով: Խոստովանում ենք, միայն թե ողորմի նա մեզ:
Այն ժամանակ Պետրոսը բռնեց այն մարդու ձեռքը, որ արմուկից կոտրվել, կախ էր ընկել և մերձեցրեց կոտրված տեղին, և ահա առաջվա պես իրար միացան։
Կուրացածների աչքերն այդժամ վերստին լույս ստացան, և հրեաներն ու հեթանոսները մեծ բազմությամբ մկրտվեցին և քաղաքի մեջ գտնվող բորոտները, ովքեր առաքյալների մոտ էին գալիս, օծվում էին յուղով և սուրբ պատկերի առջև խաչակնքվելով՝ իսկույն բժշկվում էին իրենց հիվանդություններից»:
Նույնպես ավանդությունը պատմում է, որ Հովհաննես առաքյալին թաղելուց հետո, երբ գերեզմանը բացել են, մարմինն այնտեղ չեն գտել, և Քրիստոսը նրան հարություն է տվել: Այս բանի մասին Ավետարանում էլ է ակնհայտ հուշվում. Հովհաննեսի Ավետարանում Պետրոսը լսելով, որ ինքն էլ պիտի խաչվի, Հովհաննեսի համար հարցնում է. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»: Յիսուսը նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետևից»: Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. և կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ»: Այսինքն թե, Հովհաննեսը հարություն առնելով շրջում և հովվում է բանական սիրով ընթացող, հոգևորի սրբության մեջ խորացող քրիստոնյաներին, մինչև Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Իսկ Պետրոսը. «Դու արի իմ ետևից» խոսքի` հոգով երկինք վերացավ, մարմինը թողնելով հողին: Հովհաննեսը, երբ մահացավ, իննսունն անց էր, և արժանի, մաքուրսիրտ մարդիկ տեսնում են նրան, վկայելով, սակայն, թե սպիտակ մորուքով ծերունին Աստված ինքն է, որ երևացել է իրենց: Սակայն միամտորեն են այդ ասում, չիմանալով, որ Հովհաննես սուրբ առաքյալին տեսան: Հովհաննեսը քրիստոնյա սիրո ամենակատարյալ լույսն ունի և Աստվածային այդ սիրո լույսն է հաղորդում մեզ:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3262

Մեկնաբանություններ